Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»։
Խաղի մեկնարկում երկու թիմերն էլ ակտիվ էին և մեկական կիսապահ ունեցան։
Հանդիպման 18-րդ րոպեին «Վանը» կազմակերպեց հակագրոհ, և Պետրոս Ավետիսյանի փոխանցումից հետո Խալիլ Ահմադը բացեց խաղի հաշիվը՝ 1։0՝ հօգուտ հյուրերի։
Խաղի 22-րդ րոպեին «Վանը» ստացավ անկյունային հարվածի իրավունք, սակայն խաղարկումից հետո վտանգավոր պահ չստեղծվեց «Ուրարտուի» դարպասին։
1 րոպե անց «Վանի» ավագ Պետրոս Ավետիսյանը հայտնվեց հիանալի դիրքում, սակայն նրա հարվածը, շոշափելով դարպասաձողը, չհայտնվեց Ալեքսանդր Միշևի դարպասում։
«Վանը», չօգտագործելով իր գերազանց պահը, հաջորդ իսկ գրոհի ժամանակ պատժվեց․ Միգել Ռաջան մեն-մենակ մնաց «Վանի» դարպասապահ Բոկովի դեմ և հաշիվը դարձրեց 1։1։ Աշխատեց ֆուտբոլում չգրված հայտնի օրենքը՝ «Դու չես խփում, քեզ են խփում»։
26-րդ րոպեին Ռաջան ևս մեկ պահ ունեցավ, բայց հարվածը շեղ էր։ Հաջորդեց «Վանի» գրոհը․ Ռաֆա դե Ժեզուսի հարվածից հետո Միշևը որսաց գնդակը։
29-րդ րոպեին այս անգամ Պետրոս Ավետիսյանը ևս մեկ հարված կատարեց «Ուրարտուի» դարպասին․ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը տեղում էր։
34-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը ևս մեկ հարված կատարեց, և Միշևն ավելացրեց իր սեյվերի թիվը․ «Ուրարտուի» դարպասապահն արդեն 3-4 իրական փրկություն էր արել։
37-րդ րոպեին Դանիլո Պոլոնսկին ևս մեկ հիանալի պահ ունեցավ «Վանին» կրկին առաջ մղելու, բայց հարվածն աննշան շեղ ստացվեց․ եթե գնդակը գնար դարպասին, Միշևը չէր կարողանա փրկել։
Այնուհետև 2-3 վտանգավոր գրոհ կազմակերպեց «Ուրարտուն», բայց Դանիլա Բոկովն ու «Վանի» պաշտպանությունը կանգուն մնացին։
42-րդ րոպեին «Վանի» ֆուտբոլիստների գրոհի ժամանակ հարվածին հետևեց բլոկ (գնդակը փակվեց)․ չարենցավանցիները ձեռքով խաղ և 11-մետրանոց էին պահանջում։
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։
Ընդմիջումից հետո Ռոբերտ Արզումանյանը Գոռ Լուլուկյանի փոխարեն ասպարեզ դուրս բերեց Միգել Վելոզային։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Ուրարտուն» ակտիվ էր, բայց վտանգավոր պահեր Դանիլա Բոկովի դարպասին չէին ստեղծվում։
Ամեն դեպքում, Վան Լինգենը հանդիպման 54-րդ րոպեին առաջ մղեց «Ուրարտուին»․ գոլային փոխանցումը կատարեց Էրիկ Փիլոյանը՝ 2։1՝ հօգուտ «առյուծների»։
2 րոպե անց՝ խաղի 56-րդ րոպեին, Խալիլ Ահմադը գնդակ ստացավ 11-մետրանոցի նշակետի հատվածում և, հիանալի կասեցնելով այն, ուղարկեց Միշևի դարպասը՝ 2։2։ Նիգերիացի հարձակվողը դուբլ ձևակերպեց այս խաղում։
63-րդ րոպեին «Ուրարտուն» կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ հարված հետևեց Դանիլա Բոկովի դարպասին, դարպասապահը ետ մղեց գնդակը ուղիղ Միգել Ռաջայի ոտքերին, և պորտուգալացին իր հերթին ձևակերպեց դուբլը՝ 3։2։ «Ուրարտուն» հերթական անգամ կառչեց իր պահից։
78-րդ րոպեին Վահրամ Մասխուդյանը («Վան») հայտնվեց հարվածային դիրքում և հարվածեց․ Ալեքսանդր Միշևը չեզոքացրեց վտանգը՝ գնդակը հանելով անկյունային։ Պետք է ասել, որ Մասխուդյանն այս դրվագում ուներ տարբերակ գնդակը փոխանցելու խաղընկերոջը, ով ավելի նպաստավոր դիրքում էր։ «Վանը» շարունակում էր ջանքեր գործադրել հաշիվը կրկին հավասարացնելու համար։
87-րդ րոպեին հերթը Վան Լինգենի դուբլինն էր․ «Վանը» սխալ թույլ տվեց պաշտպանությունում, Միգել Վելոզան խլեց գնդակը, եզրով առաջացավ և այն սկուտեղի վրա մատուցեց նիդերլանդացի հարձակվողին՝ 4։2՝ հօգուտ «նարնջագույնների»։
Մրցավարի ավելացված երրորդ րոպեին Միքայել Միրզոյանը «Ուրարտուի» առավելությունը դարձրեց խոշոր՝ 5։2։
Այսպիսով, «Ուրարտուն» հաղթեց Չարենցավանի «Վանին» 5։2 հաշվով և 15 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդ տեղ՝ լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով «Սարդարապատին»։
| Տ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ։ԳԲ | +/- | Մ |
| 1 | Նոա | 9 | 9 | 0 | 0 | 26։6 | +20 | 27 |
| 2 | Փյունիկ | 9 | 6 | 3 | 0 | 23։8 | +15 | 21 |
| 3 | Արարատ-Արմենիա | 9 | 6 | 2 | 1 | 18։9 | +9 | 20 |
| 4 | Ալաշկերտ | 10 | 5 | 4 | 1 | 24։8 | +16 | 19 |
| 5 | Ուրարտու | 10 | 4 | 3 | 3 | 19։14 | +5 | 15 |
| 6 | Սարդարապատ | 10 | 4 | 3 | 3 | 17։18 | -1 | 15 |
| 7 | Շիրակ | 9 | 3 | 1 | 5 | 11։12 | -1 | 10 |
| 8 | Արարատ | 9 | 3 | 1 | 5 | 8։15 | -7 | 10 |
| 9 | ԲԿՄԱ | 9 | 2 | 2 | 5 | 8։15 | -7 | 8 |
| 10 | Վան | 10 | 2 | 1 | 7 | 8։26 | -18 | 8 |
| 11 | Սյունիք | 10 | 1 | 2 | 7 | 6։22 | -16 | 5 |
| 12 | Գանձասար | 10 | 1 | 0 | 9 | 9։24 | -15 | 3 |