• ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
  • ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
  • ԳԱՎԱԹ
  • ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐ
  • «Փյունիկը» ջախջախեց բանակայիններին

    12 հոկտեմբերի 2026 | 20:58:59 | 153 | Լուսանկարը՝ ՖԱ Փյունիկ-ի

    Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում ընդունեց ԲԿՄԱ-ին։

    «Փյունիկն» իր առաջին հանդիպումն էր անցկացնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ։

    Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը հենց առաջին րոպեին հաստատեց իր առավելությունը մրցակցի նկատմամբ։ Անկյունայինի խաղարկումից հետո Յասոնաս Պիկիսի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին. ստեղծվեց խառնաշփոթ իրավիճակ, որտեղ բոլորից լավ կողմնորոշվեց Գևորգ Տարախչյանը և գլխի հարվածով գրավեց ԲԿՄԱ-ի դարպասապահ Արտյոմ Դավիդովի պաշտպանած դարպասը։ 24-ամյա հայ ձախ վինգերն իր 5-րդ գոլը հեղինակեց ընթացիկ առաջնությունում։

    Այսպիսով, հենց առաջին րոպեին «նռնագույններն» առաջ անցան հաշվի մեջ՝ 1:0։

    «Փյունիկը» գոլից հետո սկսեց ավելի հանգիստ խաղալ և վերահսկել խաղի ընթացքը։

    23-րդ րոպեին ԲԿՄԱ-ի կազմում կարմիր քարտ ստացավ հենակետային Արթուր Ասկարյանը։ Ասկարյանը կանոնները խախտեց Դավիթ Հակոբյանի նկատմամբ. մրցավար Աշոտ Ղալաթխչյանը սկզբում դեղին քարտ ցույց տվեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուին, սակայն VAR-ի դիտումից հետո նա հեռացվեց ուղիղ կարմիր քարտով։

    Մեկ րոպե անց՝ 24-րդ րոպեին, Սեադ Իսլամովիչը կրկնապատկեց հաշիվը. սերբ հենակետայինը մոտ 27-28 մետրից կատարած հուժկու հարվածով խոցեց ԲԿՄԱ-ի դարպասը։

    29-րդ րոպեին Կովալենկոն եռապատկեց «Փյունիկի» առավելությունը։ Վիտինի հարվածը պաշտպանը փակեց, բայց գնդակը հայտնվեց Միխայիլ Կովալենկոյի մոտ, վերջինս սառնասրտություն դրսևորեց՝ 3:0։

    31-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով ԲԿՄԱ-ից Դավիթ Հարությունյանը ստուգեց Հենրի Ավագյանի դարպասաձողի ամրությունը. հիանալի հարված էր, բայց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահին օգնության եկավ դարպասաձողը։

    Առաջին խաղակեսի ընթացքում մարզադաշտում լուսավորության խնդիր առաջացավ, ինչի պատճառով խաղը դադարեցվեց մոտ 8 րոպեով։

    Առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին գնդակը չորրորդ անգամ հայտնվեց ԲԿՄԱ-ի դարպասում, սակայն մրցավարները ֆիքսեցին «խաղից դուրս» վիճակ։ Տպավորություն է, որ VAR-ը սխալ գծեց «խաղից դուրսի» գիծը, և Յասոնաս Պիկիսի մաքուր գոլը չհաշվեցին. այդպիսով մրցավարները զրկեցին կիպրացի հարձակվողին ընթացիկ առաջնությունում իր 7-րդ գոլը հեղինակելու հնարավորությունից։

    Ինչևէ, կարծում ենք, որ այդ դրվագը դեռ կդառնա ՀՖՖ մրցավարական կոմիտեի քննարկման առարկա, բայց փաստացի առաջին կեսն ավարտվեց 3:0՝ հօգուտ Հայաստանի 16-ակի չեմպիոնի։

    Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկեց Դմիտրի Գունկոյի թիմի առավելությամբ։

    Հանդիպման 52-րդ րոպեին «Փյունիկը» 11-մետրանոցի իրավունք ստացավ։ ԲԿՄԱ-ից կանոնները խախտեց իր տուգանային հրապարակում փոխարինման մտած Կարեն Հովակիմյանը և ստացավ դեղին քարտ։ Մրցավարն այդ դրվագում կրկին դիմեց VAR-ի օգնությանը։

    Գնդակին մոտեցավ Դանիիլ Կուլիկովը և 54-րդ րոպեին քառապատկեց «Փյունիկի» առավելությունը՝ 4:0։

    59-րդ րոպեին Ֆիլիպե Ալմեյդան հեռահար հարված կատարեց, բայց գնդակը մի փոքր բարձրությամբ սուլաց հորիզոնական դարպասաձողի վրայով։

    62-րդ րոպեին Յասոնաս Պիկիսն ի վերջո խփեց իր գոլը։ Կովալենկոն գնդակը կախեց տուգանային հրապարակ, և կիպրացի հարձակվողը գլխի հիանալի հարվածով խոցեց Արտյոմ Դավիդովի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը՝ 5:0։

    77-րդ րոպեին Պողոս Կրմզյանը հայտնվեց հարվածային դիրքում, բայց ԲԿՄԱ-ի պաշտպանի հարվածն ուղիղ կենտրոնով էր, և Հենրի Ավագյանի համար որևէ խնդիր չեղավ գնդակը որսալու։ Սա, հավանաբար, ԲԿՄԱ-ի միակ քիչ թե շատ վտանգավոր պահն էր երկրորդ խաղակեսում։

    Հանդիպման 81-րդ րոպեին «Փյունիկի» սերբ հենակետային Սեադ Իսլամովիչը կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

    Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Էդգար Մալաքյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Արտակ Դաշյանի գլխով հարվածած գնդակը հետ մղվեց ԲԿՄԱ-ի դարպասի հորիզոնական դարպասաձողից։

    Այսպիսով, «Փյունիկը» տարավ իր 6-րդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում, վաստակեց 21 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն 6 միավորով զիջում է առաջատար «Նոային», որի հետ էլ կհանդիպի հաջորդ՝ 10-րդ տուրի շրջանակում։ «Նոա» - «Փյունիկ» խաղը նախատեսված է հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։

    Նշենք, որ «Փյունիկն» ու «Նոան» առաջնությունում միակ թիմերն են, որոնք դեռ չեն ճաշակել պարտության դառնությունը։

    Ինչ վերաբերում է բանակային ֆուտբոլիստներին, ապա այսօր իսկապես իրենց օրը չէր. թիմը նախ հենց առաջին րոպեին հայտնվեց հետապնդողի դերում, հետո 23-րդ րոպեին հեռացվեց Ասկարյանը, իսկ 1 րոպե անց «Փյունիկը» կրկնապատկեց իր առավելությունը։ Ըստ էության, ԲԿՄԱ-ն հայտնվեց ծանրագույն և անելանելի վիճակում, ինչից շատ լավ օգտվեց մրցակիցը՝ ձևակերպելով ջախջախիչ հաշիվ։

    Տ Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ։ԳԲ +/- Մ
    1 Նոա 9 9 0 0 26։6 +20 27
    2 Փյունիկ 9 6 3 0 23։8 +15 21
    3 Արարատ-Արմենիա 9 6 2 1 18։9 +9 20
    4 Ալաշկերտ 9 4 4 1 19։7 +12 16
    5 Ուրարտու 9 3 3 3 14։12 +2 12
    6 Սարդարապատ 9 3 3 3 15։17 -2 12
    7 Շիրակ 9 3 1 5 11։12 -1 10
    8 Արարատ 9 3 1 5 8։15 -7 10
    9 ԲԿՄԱ 9 2 2 5 8։15 -7 8
    10 Վան 9 2 1 6 6։21 -15 7
    11 Սյունիք 9 1 2 6 5։17 -12 5
    12 Գանձասար 9 1 0 8 8։22 -14 3

    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    ԼՐԱՀՈՍ

    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    © 2026 ՀայՖուտբոլ.ԷյԷմ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը HayFootball.am-ին պարտադիր է:
    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: