Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կայացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի երկրորդ հանդիպումը. Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» դաշտի տիրոջ կարգավիճակում ընդունեց «Ալաշկերտին»։
Այս խաղից առաջ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 19 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում էր, իսկ Վահե Գևորգյանի թիմը՝ 15 միավորով 4-րդը։ Խաղի նշանակությունը անչափ մեծ էր, և թիմերից որևէ մեկը միավորներ կորցնելու իրավունք չուներ։
Թիմերը հանդես եկան հետևյալ մեկնարկային կազմերով.
«Արարատ-Արմենիա» (4-3-3, ձախից աջ). Արման Ներսեսյան — Բրունո Պերեիրա, Ալեքսանդրոս Մալիս, Բրունո Ուիլսոն, Հուգո Օլիվեիրա — Բեռնարդո Օլիվեիրա, Կարեն Մուրադյան (ավագ), Խուան Բալանտա — Զիդան Բանջաքի, Սանդրո Լիմա, Արթուր Սերոբյան։
«Ալաշկերտ» (4-2-3-1, ձախից աջ). Իբրահիմ Սեսայ — Հակոբ Հակոբյան, Յարոսլավ Մատյուխին, Սեզար, Դավիթ Տերտերյան — Ռաֆաել դե Խեսուս, Էդգար Փիլոյան — Դոմի Մասումո, Կարեն Նալբանդյան (ավագ), Օլավալե Ֆառայոլա — Մոմո Տուրե։
Հանդիպման 27-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի աջ վինգեր Արթուր Սերոբյանն ընթացիկ առաջնությունում խփեց իր առաջին գոլը և առաջ մղեց Հայաստանի չեմպիոնին՝ 1:0։
Հանդիպման 33-րդ րոպեին Դոմի Ժորես Մասումոն, Օլավալե Ֆառայոլայի փոխանցումից հետո, հեղինակեց իր 7-րդ գոլն առաջնությունում՝ հավասարացնելով հանդիպման հաշիվը՝ 1:1։
Երկրորդ խաղակեսի առաջին հատվածում «Արարատ-Արմենիան» ուներ որոշակի առավելություն, սակայն «սև-սպիտակները» չէին կարողանում լուրջ սպառնալիքներ ստեղծել «Ալաշկերտի» դարպասապահ Իբրահիմ Սեսայի պաշտպանած դարպասին։
Երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածում «Ալաշկերտը» մեկ-երկու դրվագում կարողացավ սպառնալ Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասին, սակայն թիմերն ակնհայտ զգուշավորություն ցուցաբերեցին և չցուցադրեցին այն հարվածային ու ագրեսիվ ֆուտբոլը, որը կար առաջին խաղակեսում։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, և Հայաստանի չեմպիոնը, ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի «Յագելոնիայի» հետ արտագնա խաղից առաջ, ազգային առաջնությունում անչափ կարևոր 2 միավոր կորցրեց։
| Տ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ։ԳԲ | +/- | Մ |
| 1 | Նոա | 8 | 8 | 0 | 0 | 21։5 | +16 | 24 |
| 2 | Արարարտ-Արմենիա | 9 | 6 | 2 | 1 | 18։9 | +9 | 20 |
| 3 | Փյունիկ | 8 | 5 | 3 | 0 | 18։8 | +10 | 18 |
| 4 | Ալաշկերտ | 9 | 4 | 4 | 1 | 19։7 | +12 | 16 |
| 5 | Սարդարապատ | 8 | 3 | 3 | 2 | 14։12 | +2 | 12 |
| 6 | Ուրարտու | 8 | 3 | 2 | 3 | 12։10 | +2 | 11 |
| 7 | Շիրակ | 8 | 3 | 1 | 4 | 11։10 | +1 | 10 |
| 8 | Արարատ | 8 | 3 | 0 | 5 | 6։13 | -7 | 9 |
| 9 | ԲԿՄԱ | 8 | 2 | 2 | 4 | 8։10 | -2 | 8 |
| 10 | Վան | 9 | 2 | 1 | 6 | 6։21 | -15 | 7 |
| 11 | Գանձասար | 9 | 1 | 0 | 8 | 8։22 | -14 | 3 |
| 12 | Սյունիք | 8 | 0 | 2 | 6 | 3։17 | -14 | 2 |